Անձնական տվյալների մշակման քաղաքականություն
reestr.am · Վերջին խմբագրում: 2026 թ. հոկտեմբերի 20
1. Ով ենք մենք
reestr.am ծառայության օպերատորը «ԷՅ ՎԻ ԷՅՋ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն է (ՀՎՀՀ 01356251, ՀՀ, ք. Երևան 0004, Մալաթիա-Սեբաստիա, Բաբաջանյան փ. 71 շ., բն. 39)։
Անձնական տվյալների հետ կապված ցանկացած հարցով գրեք info@avh.am հասցեին։
Ծառայությունն օգտագործում են հաշվապահական ընկերությունները և կազմակերպությունները (այսուհետ՝ «Հաճախորդ»)՝ ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային համակարգերից հաշիվների արտահանման, հաշիվների սևագրերի և վիճակագրական ձևերի պատրաստման համար։
2. Ինչ տվյալներ ենք մշակում և ինչու
ա) Օգտատերերի տվյալներ՝ Հաճախորդի աշխատակիցների։
- էլ. հասցե, լեզու, գաղտնաբառի հեշ (գաղտնաբառն ինքը չի պահվում), ըստ ցանկության՝ երկգործոն նույնականացման (TOTP) գաղտնագրված բանալի;
- սեսիայի նույնացուցիչ, IP հասցե և գործողությունների մատյան՝ հաշվի անվտանգության համար։
Նպատակը՝ մուտք, նույնականացում, ծառայության մատուցում և անվտանգություն։
բ) Հաճախորդի բիզնես տվյալներ, որոնք Հաճախորդն է բեռնում կամ ստանում ծառայության միջոցով՝ հարկային պորտալից արտահանված հաշիվներ, հաշիվների սևագրեր, գնորդներ, ապրանքներ և հասցեներ, տեղադրված տեքստ, Excel, PDF ֆայլեր և լուսանկարներ, մաքսային և վիճակագրական փաստաթղթեր։ Անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանք կարող են պարունակել ֆիզիկական անձանց տվյալներ (անուն, ազգանուն, ՀՎՀՀ, կոնտակտներ)։
Նպատակը՝ միայն Հաճախորդի հանձնարարած աշխատանքը՝ արտահանում, հաշիվների և ձևերի պատրաստում, ինչպես նաև Հաճախորդի հաստատած հաշիվների չստորագրված սևագրերի բեռնում ՊԵԿ պորտալի «Սևագրեր» բաժին՝ Հաճախորդի հանձնարարությամբ։ Սևագիրը ստորագրում և ներկայացնում է մարդը՝ պորտալում։
գ) Մուտքի հայտի տվյալներ (reestr.am/request)՝ կազմակերպության անվանում և ՀՎՀՀ, կոնտակտային անձի անուն, էլ. հասցե, հեռախոս, հաղորդագրություն, IP հասցե։ Նպատակը՝ հայտը դիտարկել և պատասխանել։
դ) Մեսենջերների հաղորդագրություններ (WhatsApp, Telegram)՝ միայն եթե Հաճախորդն ինքն է միացրել իր WhatsApp Business համարը կամ Telegram-ը reestr.am-ին։
- մենք ստանում ենք միայն այն զրույցների հաղորդագրությունները, որոնք Հաճախորդը կապել է իր կազմակերպություններից որևէ մեկին. չկապված զրույցների բովանդակությունը չի պահվում;
- ստացվածից պահվում է միայն այն, ինչը նման է հաշվի նյութի (փաստաթղթի լուսանկար, PDF, Excel, ապրանքների ցուցակ). մնացածը ջնջվում է ավտոմատ ստուգումից անմիջապես հետո;
- պահվում են նաև ուղարկողի անունը, համարը կամ նույնացուցիչը և ուղարկման ժամը՝ որպեսզի աշխատակիցը տեսնի, որտեղից է եկել հաշիվը;
- Telegram խմբում reestr.am-ը գրում է միայն միացման մասին մեկ հաղորդագրություն և յուրաքանչյուր հաշվի սևագրի տակ՝ դրա ամփոփումը (գնորդ, ապրանքներ, գումար) ու վիճակը (հաստատված է, ուղարկված է Սևագիր, մերժված է). այլ հաղորդագրությունների չի պատասխանում;
- խմբում «Հաստատել» կոճակը կարող է սեղմել միայն Հաճախորդի այն աշխատակիցը, ով իր Telegram հաշիվն ինքն է կապել reestr.am-ի իր օգտատիրոջը. դրա համար պահվում է նրա Telegram նույնացուցիչը, իսկ սեղմումը գրանցվում է որպես այդ օգտատիրոջ հաստատում։
Նպատակը՝ հաղորդագրությունից հաշվի սևագիր պատրաստել, որը ստուգում և հաստատում է Հաճախորդի աշխատակիցը։
Մենք չենք օգտագործում վերլուծական կամ գովազդային հետագծիչներ և տվյալները չենք վաճառում։
3. Ով ինչի համար է պատասխանատու
2ա և 2գ կետերի տվյալների համար մենք ենք տվյալների մշակողը (օպերատորը)։
2բ և 2դ կետերի տվյալները մենք մշակում ենք Հաճախորդի հանձնարարությամբ և միայն նրա նպատակներով։ Հաճախորդն է որոշում, թե ինչ տվյալներ բեռնել և որ զրույցները միացնել, և նա է պատասխանատու իր հաճախորդներին ու զրուցակիցներին տեղեկացնելու համար։
4. Մշակման իրավական հիմքերը
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մենք հիմնվում ենք Հաճախորդի հետ պայմանագրի կատարման, անհրաժեշտության դեպքում՝ սուբյեկտի համաձայնության և օրենքով նախատեսված պարտականությունների վրա (օրինակ՝ հաշվապահական փաստաթղթաշրջանառություն)։
5. Փաստաթղթերի ավտոմատ ընթերցում (արհեստական բանականություն)
Եթե Հաճախորդի համար այն միացված է, լուսանկարներն ու սկանավորված փաստաթղթերը կարող է կարդալ արհեստական բանականության մոդելը՝ դաշտերն առաջարկելու համար։
- մոդելի կարդացած յուրաքանչյուր արժեք նշվում է որպես ստուգման ենթակա, և առանց աշխատակցի հաստատման ոչինչ չի ներկայացվում որևէ մարմնի;
- հարցումներն ուղարկվում են միայն այն մատակարարներին, որոնք տվյալները չեն պահում և չեն օգտագործում մոդելներ ուսուցանելու համար;
- մենք Հաճախորդի, այդ թվում՝ WhatsApp-ից և Telegram-ից ստացված, տվյալները չենք օգտագործում որևէ մոդել ուսուցանելու կամ բարելավելու համար։
6. Հարկային պորտալի գաղտնաբառը
ՊԵԿ պորտալի գաղտնաբառը երբեք չի պահվում. այն օգտագործվում է միայն մեկ մուտքի համար և անմիջապես ջնջվում է հիշողությունից։ Պորտալի բաց սեսիան պահվում է միայն սերվերի օպերատիվ հիշողությունում՝ առավելագույնը 12 ժամ, և օգտագործվում է միայն տվյալ ընկերության արտահանումների և սևագրերի բեռնման համար։
7. Պահպանման ժամկետները
- արտահանված ֆայլեր՝ մինչև 45 օր;
- տեղադրված տեքստ և բեռնված ֆայլեր՝ 30 օր. փաստաթղթերի սկանները՝ 30 օր, արտահանումից հետո՝ 7 օր;
- մեսենջերների հաղորդագրություններ՝ հաշվի հետ չկապվածները ջնջվում են անմիջապես, մնացածը՝ 30 օրից;
- մուտքի հայտեր՝ որոշումից 90 օր հետո;
- օգտատիրոջ հաշվի տվյալներ և գործողությունների մատյան՝ հաշվի գործելու ընթացքում;
- գաղտնագրված պահուստային պատճեններ՝ մինչև 14 օր, որից հետո փոխարինվում են նորերով։
8. Ում ենք փոխանցում
Տվյալները չենք վաճառում և չենք փոխանցում երրորդ անձանց, բացի ծառայությունն ապահովող հետևյալ մշակողներից.
- Hetzner Online GmbH՝ սերվերներ Ֆինլանդիայում (ԵՄ);
- OpenRouter, Inc. (ԱՄՆ) և նրա միջոցով մոդելի մատակարարը՝ միայն եթե միացված է ավտոմատ ընթերցումը (կետ 5);
- Meta Platforms (WhatsApp) և Telegram՝ միայն եթե Հաճախորդը միացրել է այդ մեսենջերները. նրանք տվյալները մշակում են իրենց պայմանների համաձայն։
Տվյալներն արտերկիր փոխանցվում են միայն վերը նշված նպատակներով և օրենքով սահմանված հիմքերով։
9. Ձեր իրավունքները
Դուք իրավունք ունեք ծանոթանալու ձեր տվյալներին, պահանջելու դրանց ուղղում, արգելափակում կամ ջնջում, առարկելու մշակմանը և հետ կանչելու համաձայնությունը։ Գրեք info@avh.am հասցեին։ Եթե ձեր տվյալները մեզ են հասել Հաճախորդի միջոցով (օրինակ՝ ձեր հաշվապահի), մենք հարցումը կքննարկենք նրա հետ միասին։
Դուք կարող եք բողոք ներկայացնել նաև ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։
10. Տվյալների ջնջում
- Ջնջման հարցումն ուղարկեք info@avh.am հասցեին՝ նշելով, թե որ տվյալները պետք է ջնջվեն. մենք կպատասխանենք օրենքով սահմանված ժամկետում։
- Հաճախորդը կարող է ցանկացած պահի անջատել WhatsApp-ը կամ Telegram-ը. մուտքի բանալիները ջնջվում են անմիջապես, իսկ զրույցի տվյալները՝ պահպանման ժամկետի ավարտին (կետ 7)։
- WhatsApp-ում անջատումը կատարվում է հավելվածում. Կարգավորումներ → Հաշիվ → Business Platform → Անջատել։ Telegram-ում՝ բոտը հեռացնել խմբից կամ Business բաժնից։
11. Անվտանգություն
- ամբողջ կապը գաղտնագրված է (TLS);
- յուրաքանչյուր Հաճախորդի տվյալները մեկուսացված են տվյալների բազայի մակարդակով;
- գաղտնաբառերը պահվում են միայն հեշի տեսքով, մուտքի բանալիները՝ գաղտնագրված, պահուստային պատճենները՝ գաղտնագրված;
- հնարավոր է երկգործոն նույնականացում։
12. Փոփոխություններ
Էական փոփոխությունների մասին կտեղեկացնենք reestr.am-ում կամ էլ. փոստով։ Խմբագրման ամսաթիվը նշված է վերևում։